Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Աստանայում:
Էրդողանը Պուտինին հայտնել է «Աքքույու» ատոմակայանը որքան հնարավոր է շուտ կառուցելու և Սինոպում ատոմակայան կառուցելու համար քայլեր ձեռնարկելու իր ցանկության մասին։ Նրա խոսքերը մեջբերում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Մենք վաղուց չենք շփվել իմ ընկերոջ հետ: Հեռախոսային դիվանագիտություն էինք վարում: Սակայն մեր արտաքին գործերի և էներգետիկայի ու ֆինանսների նախարարները այդ ամբողջ ժամանակ մշտական
կապի մեջ են եղել: Իհարկե, կուզենայինք, որ «Աքքույու» ատոմակայանը կառուցվեր կարճ ժամկետներում: Բացի
դրանից, մենք երկխոսում ենք Սինոպում գտնվող երկրորդ ատոմակայանի շուրջ: Այստեղ, ես վստահ եմ,
մենք կարող ենք կատարել շատ լուրջ քայլեր: Էներգետիկայի նախարարները շարունակում
են քննարկել այդ հարցը»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է «Գազպրոմի» և թուրքական BOTAŞ
ընկերության միջև «հարաբերությունների անկեղծ զարգացման» մասին։
Էրդողանը,
սակայն, նշել է, որ «առևտրաշրջանառությունը 55 միլիարդ դոլարի մակարդակում է», ինչի
մասին ասել է Պուտինը, լուրջ ցուցանիշ չէ երկու երկրների
համար։
«Մեր նպատակը
100 միլիարդ դոլարի շրջանառությունն է, և ես վստահ եմ, որ մենք դրան կհասնենք: Մենք ունենք այդ պոտենցիալը»,- նշել է
նա:
Թուրքիայի ղեկավարը նաև Պուտինին հրավիրել է շատ շուտով այցելել
Թուրքիա։
«Ինչ վերաբերում է զբոսաշրջության թեմային, ապա մեզ համար շատ
կարևոր է, որ մեր երկիր գա մոտ 7 միլիոն զբոսաշրջիկ։ Մեր անկեղծ մոտեցումը այդ հարցում
պահպանվում է: Մենք կշարունակենք գործել նույն ոգով, քանի դեռ ռուս զբոսաշրջիկները
գոհ են Թուրքիայից։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս ջերմ հարաբերությունների
համատեքստում, իհարկե, ակնկալում եմ որքան հնարավոր է շուտ հյուրընկալել ձեզ իմ
երկրում»,- ասել է նա Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպմանը։